Իրանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարի հարցում։ Մենք գիտակցում ենք, որ Թուրքիայի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է. հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր երկրների միջև հաստատվել է համագործակցություն անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Իրանը ինքնապաշտպանության հարցը դիտարկում է որպես պետությունների միջազգայնորեն ճանաչված իրավունք։ Կապ չունի, թե որտեղից է գալիս ահաբեկչության սպառնալիքը։ Չի կարելի ահաբեկիչներին բաժանել լավի կամ վատի։ Ահաբեկչությունը միշտ էլ վատ է»,- ասել է նա։
Անդրադառնալով Կովկասում տիրող իրավիճակին ՝ Իրանի ԱԳ նախարարը ճգնաժամի պատճառներից մեկը համարել է «սիոնիստական ռեժիմի ներկայությունը»։
Ըստ նրա. «Մենք սիոնիստական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում դիտարկում ենք որպես լուրջ սպառնալիք խաղաղության և կայունության համար։ Ուր էլ որ ոտք դնեն սիոնիստները, նրանք միշտ իրենց հետ բերում են անկայունություն և ճգնաժամեր։ Իրանը զգուշացնում է բոլորին զգուշություն ցուցաբերել իսրայելական սիոնիստական ռեժիմի գործողությունների հարցում։ Չի կարելի թույլ տալ, որ սիոնիստական ռեժիմը ազդեցություն տարածի այս տարածաշրջանի վրա»։