2021թ., երբ Ռուսաստանը պատրաստվում էր ներխուժել Ուկրաինա, Վլադիմիր Պուտինը իր ուղևորությունների համար սկսել է հաճախ օգտագործել հատուկ զրահագնացք, ոչ թե ինքնաթիռներ։ Այս մասին «Դոսյե» կենտրոնին, որը հիմնադրել է Միխայիլ Խոդորկովսկին, պատմել է ՌԴ նախագահական ապարատին մոտ կանգնած աղբյուրը, որի անունը նշված չէ։
Ըստ աղբյուրի՝ հատուկ զրահագնացքը համալրվել է 2014-2015 թվականներին, սակայն Պուտինը սկսել է դրանով կանոնավոր երթևեկել ռուսական զորքերի՝ Ուկրաինայի հետ սահման տեղափոխումից քիչ առաջ:
Հատուկ զրահագնացքի օգտագործումը թույլ է տալիս գաղտնի պահել Պուտինի տեղաշարժերը։ ՌԴ նախագահականին պատկանող ինքնաթիռների թռիչքներին կարելի է հետևել տարբեր ծառայությունների միջոցով, իսկ ուղևորատար գնացքների համար նման ծառայություններ գոյություն չունեն:
Հատուկ գնացքի շարժակազմը պատկանում է «Գրանդ Սերվիս Էքսպրես» ընկերությանը, որը հիմնադրվել է 2002թ.: 2019թ. ընկերությունը դարձավ Ղրիմի երկաթուղային տրանսպորտի միակ օպերատորը, իսկ 2020-ին ընկավ ԱՄՆ պատժամիջոցների տակ:
Հետաքննության հեղինակները պնդում են, որ «Գրանդ Սերվիս Էքսպրեսը» կապված է Պուտինի մտերիմ ընկեր Յուրի Կովալչուկի հետ։ «Կոմերսանտը» գրել էր, որ ընկերության համասեփականատերը Կիրիլ Կովալչուկն էր՝ Յուրի Կովալչուկի եղբորորդին։