Միջազգային

«Թուրքիան չի կարողանա հատուցել աղետի գոտում աշխատող «անանուն հերոսներին»․ Էրդողան

«Թուրքիան չի կարողանա հատուցել աղետի գոտում աշխատող «անանուն հերոսներին»․ Էրդողան

Ղահրամանմարաշի էպիկենտրոնով ավերիչ երկրաշարժերի հետևանքների կապակցությամբ թուրքական բուհերը կանցնեն լիովին հեռավար ուսուցման։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Դիարբեքիր նահանգ կատարած այցի ժամանակ։

Նրա խոսքով՝ աղետի գոտու բնակիչները կտեղավորվեն բոլոր հանրակացարաններում, որոնք գտնվում են պետության հաշվեկշռում։ Էրդողանը վստահեցրել է, որ պետությունը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները աղետի հետևանքները վերացնելու համար։ «Ես կոչ եմ անում քաղաքացիներին վստահել իշխանություններին։ Մենք ձեզ փորձանքի մեջ չենք թողնի»,- ընդգծել է նա։

Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ Ղահրամանմարաշի էպիկենտրոնով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21․000-ը։ 

«Փետրվարի 6-ին Ղահրամանմարաշի էպիկենտրոնով երկրաշարժերը երեք անգամ ավելի մեծ են եղել, քան 1999 թվականին Մարմարա ծովի գոտում տեղի ունեցած ցնցումները, որոնք շատերը լավ են հիշում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ղահրամանմարաշում էպիկենտրոնով երկրաշարժերը զգացվել են էպիկենտրոնից հազար կիլոմետր հեռավորության վրա, իսկ ավերածություններ տեղի են ունեցել մինչև 500 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներում։

Խոսելով ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման մասին՝ Էրդողանն ասել է, որ փրկարարական խմբերը տեղափոխվում են այն շրջաններից, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են առավել տուժած նահանգներ՝ Ղահրամանմարաշ, Հաթայ և Ադիյաման։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ աղետի գոտու 10 նահանգներում ընդհանուր առմամբ աշխատում է 160 հազար մարդ, այդ թվում՝ արտերկրից ժամանած թիմեր։

Միաժամանակ, թուրքական պետության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները քաջ գիտակցում են, որ չեն կարողանա հատուցել այն «անանուն հերոսներին», ովքեր այսօր աշխատում են աղետի գոտում և չեն ձգտում ինքնագովազդի կամ փառքի։

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ աղետի գոտում հարյուր հազարավոր ավերված կամ վնասված շենքեր կվերակառուցվեն, քաղաքները կվերականգնվեն նոր ծրագրերի հիման վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական