Միջազգային հեղինակավոր «Amnesty International» հակակոռուպցիոն կազմակերպությունը դիմել է Ադրբեջանին ու ՌԴ խաղաղապահներին՝ կոչ անելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի անջատված տարածաշրջանի հազարավոր մարդկանց կյանքը»: Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին՝ անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ տալ ծավալվող հումանիտար ճգնաժամին։
«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և տրանսպորտային վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են խտրականության և մարգինալացման առջև: Սրան պետք է վերջ դրվի հիմա։ Ադրբեջանի իշխանությունները միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանություն ունեն այդ տարածքների նկատմամբ և վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակում։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չարգելեն սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղերի հասանելիությունը: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը հանձնարարված է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»,-ասված է հայտարարության մեջ։