Վրաստանի և Հայաստանի միջև սահմանի պարզեցված հատման համաձայնագիրն ուժի մեջ է մտել, հայտնում է Sputnik Грузия-ն։
Աղբյուրը հայտնում է, որ Վրաստանի կառավարությունն ավարտել է Հայաստանի հետ սահմանի հատման դյուրացման մասին համաձայնագրի ընթացակարգը, կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։
Համաձայնագիրը, ըստ որի երկու երկրների քաղաքացիները միջպետական սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ օգտագործելով էլեկտրոնային նույնականացման քարտերը, ստորագրվել էր Վրաստանի և Հայաստանի ղեկավարներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի կողմից 2023 թվականի հունվարի 12-ին։
Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որի մուտքի համար անձնագիր ներկայացնելու կարիք չի լինի։ Նմանատիպ ռեժիմ արդեն գործում է Թուրքիա և Ուկրաինա մուտք գործելու համար։