Շվեդիան չպետք է ակնկալի, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ այդ երկրի իշխանությունների կողմից հակաթուրքական գործողություններ իրականացնելու թույլտվությունից և Ստոկհոլմում Ղուրանի այրումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարեհաճություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի վերաբերյալ։ Եթե Շվեդիան չհարգի Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից որևէ աջակցություն չի ստանա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ «շվեդիայում կատարված զազրելի արարքը վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ մուսուլմանների իրավունքներն ու ազատությունները»։
«Եթե Շվեդիան այդքան աջակցում է ահաբեկչական կազմակերպության անդամներին և իսլամի թշնամիներին, մենք խորհուրդ ենք տալիս իրենց երկրի պաշտպանությունը վստահել հենց նրան»,- ասել է նա։