Միջազգային

«Մենք գիտենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք տրամադրել Հայաստանին»․ Ալիև

«Մենք գիտենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք տրամադրել Հայաստանին»․ Ալիև

Հայկական կողմին բազմիցս զգուշացրել եմ, որ անիմաստ գումար է վատնում սպառազինության վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված մամուլի ասուլիսում։ 

«Նախ, դա չի օգնի ձեզ (խմբ․ Հայաստանին), և երկրորդ՝ կարող է պատրանք ստեղծել որոշ ռևանշիստական ​​ուժերի մոտ, որ դուք կկարողանաք վրեժ լուծել»,- ասել է Ալիևը։ 

Նա հավելել է՝ եթե իրենք վտանգ զգան, անմիջապես կճնշեն այն՝ անկախ նրանից, թե որտեղ է հայտնվել այդ սպառնալիքը՝ իրենց տարածքում, թե սահմաններից դուրս։

«Դա մեր օրինական իրավունքն է»,- նշել է նա։ 

Անդրադառնալով երրորդ երկրների կողմից Հայաստանին զենք մատակարարելու հարցին՝ Ալիևը նշել է, որ նման փորձեր նկատվում են։

«Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք տալ Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա համարում ենք ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Իհարկե, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը փորձում է «խուսափել Զանգեզուրի միջանցքի գործարկման հետ կապված իր պարտավորությունների կատարումից», սակայն այս նախագիծը կյանքի կկոչվի։ Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի բացումը նշված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Այո, «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինն աշխարհաքաղաքական լեքսիկոն ներմուծեցի ավելի ուշ։ Բայց այնտեղ հստակ ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է տրանսպորտային կապ հաստատվի, և Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը երկու տարուց ավելի է չի կատարում իր պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Մեզ համար սա ռազմավարական նախագիծ է, և ոչ միայն մեզ համար»,- ասել է Ալիևը։

Նա նաև հավելել է, որ Զանգեզուրի միջանցքի իրականացումը պատմական անհրաժեշտություն է Ադրբեջանի համար։

«Ուստի ես ասացի, որ Հայաստանը ուզի, թե չուզի՝ այն կգործարկվի։ Հայաստանում սա կրկին ընկալում են որպես հերթական սպառնալիք, թեև նման միտք չի եղել, դա ուղղակի անխուսափելի է»,- ասել է Ադրբեջանի նախագահը` նշելով, որ Բաքուն կցանկանար, որ դա տեղի ունենար որքան հնարավոր է շուտ։




Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական