Թուրքիան կշարունակի մեծացնել իր դրական ներդրումը համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրապետության նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
«Մենք կշարունակենք բացել խաղաղության և համագործակցության դռները»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև Բրազիլիայում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները հարձակվել էին կառավարական շենքերի վրա։
Նա ընդգծել է, որ Թուրքիան դատապարտում է Բրազիլիայի օրինական ընտրված նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ուժային ճնշման փորձերը։ Էրդողանը համերաշխություն է հայտնել Բրազիլիայի իշխանություններին՝ տեղի ունեցածի ֆոնին։
«Ժողովրդավարական երկրում նման գործողությունների համար տեղ չկա»,- ասել է նա և վստահեցրել, որ Թուրքիան վերահաստատում է իր աջակցությունը Բրազիլիայի ընտրված նախագահին։