Բրազիլիայում հետընտրական ցույցերը վերաճել են մասշտաբային անկարգությունների, գրոհի պառլամենտի շենքի վրա։ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են երկրի Ազգային կոնգրես: Նրանք գրոհել են նաև Գերագույն դատարանի շենքն ու նախագահական պալատը։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, և երեք ժամ անց հաջողվել է դադարեցնել տեղի ունեցողը։ Ձերբակալվածների թիվը հասնում է մոտ 400-ի։
Այս գրոհը տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Լուլա դա Սիլվայի երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Ցուցարարները, որոնք սատարում են Բոլսոնարոյին և նրա ծայրահեղ աջակողմյան քաղաքականությանը, հրաժարվում են ընդունել նրա պարտությունը ընտրություններում: Բոլսոնարուն, սակայն, դատապարտել է իր աջակիցների գործողությունները։
Նորընտիր նախագահը տեղի ունեցողը որակել է «վանդալիզմի և ֆաշիզմի գործողություններ»: Նրա խոսքով՝ երկրի պատմության մեջ սա աննախադեպ արարք է։
Տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում իրավապահ մարմիններին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը բոլոր երեք շենքերի նկատմամբ, և ձերբակալել գրոհի մասնակիցներին։