Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծելու նախագիծը և սիրիական խնդիրը, ինչպես սպասվում է, կլինեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների օրակարգի հիմնական հարցերը: Թուրքիայի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մասին։
«Ակնհայտ է, որ Էրդողանը կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրադրությունը, չի կարելի բացառել Անկարայի նոր նախաձեռնություններն այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարության հետ շփումների պահպանումը։ Գազային հանգույցի ստեղծման նախագիծը շատ արդիական է, թուրքական կողմը հայտնել է Եվրոպա բնական գազի մատակարարման հանգույց ստեղծելու և մեկ տարվա ընթացքում դրա գների ձևավորման պլանների մասին: Ինչպես սպասվում է, նախագահները կանդրադառնան նաև Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծին, որի առաջին էներգաբլոկը նախատեսվում է գործարկել այս տարի, - այս մասին փոխանցել է ռուսական ՏԱՍՍ գործակալության Անկարայի աղբյուրը՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների բանակցությունների հնարավոր օրակարգը:
Ըստ աղբյուրի՝ սիրիական թեման, կդառնա ևս մեկ հարց, որը կարող են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները։
Հիշեցնենք, որ Էրդողանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությամբ: Այդ գագաթնաժողովին, նրա խոսքով, պետք է նախորդեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցությունները։