Radar Armenia-ն ներկայացնում 2022թ.-ի կարևորագույն իրադարձությունները. Ռուս-ուկրաինական պատերազմից մինչև Ֆուտբոլի աշխարհի առաջնություն։
1. Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ
2022 թվականի ամենանշանակալի համաշխարհային իրադարձությունը Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա։ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսեց այն, ինչն անվանեց «հատուկ ռազմական գործողություն»՝ թե՛ ծավալներով թե՛ ինտենսիվությամբ աննախադեպ հարձակում Ուկրաինայի վրա, որի նպատակն էր Ուկրաինայի «դենացիֆիկացիան և դեմիլիտարիզացիան»։
Ոչ ոք չէր սպասում, որ Ուկրաինան չափազանց երկար կդիմանա ռուսական հարձակմանը, բայց գրեթե մեկ տարի է անցել, և երկիրը դեռ պայքարում է:
2. Էլիզաբեթ Երկրորդի մահը
Բրիտանիայում և ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ սգացին Էլիզաբեթ Երկրորդ թագուհու՝ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետի մահը։ Թագուհին վախճանվեց սեպտեմբերի 8-ին՝ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում:
Նրա մահը վերջ դրեց Միացյալ Թագավորության պատմության ամենաերկարակյաց միապետի կառավարմանը։ Էլիզաբեթ II-ը, որը թագուհի դարձավ իր հոր՝ թագավոր Ջորջ VI-ի մահից հետո՝ 1952 թվականի փետրվարի 6-ին, ղեկավարեց 70 տարի՝ յոթ տարով ավելի, քան Վիկտորիա թագուհին:
3. Աշխարհի բնակչությունը հատեց 8 միլիարդը
ՄԱԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հասավ 8 միլիարդի, ընդ որում՝ Հնդկաստանը ամենամեծ ներդրումն է ունեցել այդ ցուցանիշում:
4. Զանգվածային ցույցեր Իրանում՝ ընդդեմ գլխաշորի կրման
Իրանի առաջնորդները 2022 թվականին հանդիպեցին, հնարավոր է, իրենց կառավարման ամենամեծ մարտահրավերին՝ 1979 թվականին իշխանության գալուց ի վեր։
Բողոքի ցույցերը սեպտեմբերի 16-ից մոլեգնում են ամբողջ Իրանում, երբ երկրի տխրահռչակ «բարքերի ոստիկանությունը» սպանեց 22-ամյա քրդուհի Մահսա Ամինիին, ով կալանքի տակ էր գտնվում հիջաբը սխալ կրելու համար:
5. Չինաստանի նախագահը խախտեց ժառանգականության ավանդույթը
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը 2022թ. հոկտեմբերի 23-ին պատմության մեջ ամրագրեց իր տեղը՝ որպես Մաո Ցզեդունի ժամանակներից ի վեր երկրի ամենաազդեցիկ առաջնորդ, այն բանից հետո, երբ երրորդ ժամկետով վերընտրվեց Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար և երկրի նախագահ:
Սիի երրորդ ժամկետը վերջ դրեց տասնամյա կանոնին, որին հետևում էին նրա նախորդները՝ բացառությամբ Մաոյի։ Մաոյից հետո Չինաստանի բոլոր առաջնորդները 10-ամյա պաշտոնավարումից հետո հրաժարական էին տալիս և զիջում իրենց տեղը հաջորդին։
6. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթին մասնակցում էին ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների տղամարդկանց ազգային հավաքականները: Այն Աշխարհի գավաթի 22-րդ խաղարկությունն էր, որում հաղթեց Արգենտինայի հավաքականը:
Առաջնությունը տեղի ունեցավ Կատարում՝ 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը, դարձնելով այն արաբական և մահմեդական աշխարհում անցկացվող առաջին աշխարհի առաջնությունը, իսկ ողջ Ասիայում երկրորդը՝ 2002 թվականի Հարավային Կորեայում և Ճապոնիայում անցկացված մրցաշարից հետո։