Միջազգային

Ալիևը մտածում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին

Ալիևը մտածում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին

Հրաժարական է ներկայացրել Նախիջևանի ինքնավար հանրապետության գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը, ով ինքնավարությունը ղեկավարում էր 1995 թվականից։

Radar Armenia-ի հետ զրույցում ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով այդ հրաժարականին, հիշեցրեց, որ մինչ այդ էլ Նախիջևանում մի շարք ծառայություններ վերացվեցին և ինտեգրվեցին Բաքվին։ Ըստ նրա՝ նշվում էին տարբեր պատճառներ, թե իբր Ալիևը որոշել է ազատվել Թալիբովից, որը հայտնի է «Նախիջևանի խան» մականվամբ, քանի որ նրա ազգականները ամբողջությամբ վերահսկում են Նախիջևանի քաղաքական և դիվանագիտական դաշտը. «Կարծում եմ, որ սրա հիմքում ավելի լուրջ գործընթացներ են ընկած։ Եվ դրա մասին Ադրբեջանում խոսվում էր դեռևս փոքր փորձագիտական շրջանակներում։ Իմ տպավորությամբ՝ Ալիևը մտածում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման ուղղությամբ, որովհետև հաճախ միջազգային տարբեր դերակատարներ Ալիևին ասում են՝ ԼՂ հնարավոր կարգավիճակի հարցը պետք է քննարկվի այն տեսանկյունից, երբ Ադրբեջանում կա տարածք՝ Նախիջևանի հանրապետությունը, որն ունի առանձին ինքնավար կարգավիճակ։ Ըստ էության, ժամանակին ՍՍՀՄ շրջանում նման ինքնավար կարգավիճակ նաև Արցախին է տրվել։ Իմ դիտարկմամբ՝ այդ խոսակցությունը չեզոքացնելու համար Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է ազատվել բոլոր այն տարբերակներից, որ Ադրբեջանի տարածքում կան ինքնավարություն ունեցող միավորներ՝ ի դեմս Նախիջևանի ինքնավար հանրապետության»,- մեկնաբանում է Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով, որ այս հարցը երկարաժամկետ կտրվածքով գտնվում է օրակարգում, որը բարդ խնդիր է և պետք է լուծվի սահմանադրության փոփոխման և հանրաքվեի միջոցով։

Ըստ Հայրապետյանի՝ Վասիֆ Թալիբովը հեյդարալիևյան կլանի գվարդիայի նախավերջին ներկայացուցիչն է, քանի որ մինչ այս գործընթացները՝ մի քանի տարի առաջ, Իլհամ Ալիևը ազատվեց իր հոր կադրերից, և պաշտոնները համալրվեցին փաշաևների կլանի հետ առնչություն ունեցող կադրերով, որոնք արտերկրում կրթություն ստացած երիտասարդներ էին։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական