ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ ԵԽԽՎ՝ Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ:
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի խախտմամբ, որը զգալի տառապանք է պատճառում բնակչությանը։ Միջանցքի երկայնքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար՝ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական ջանքերը չորեքշաբթի օրը քննարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ։
Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ բոլոր քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- նշվում է Յան Լիդել-Գրեյնջերի (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) ստորագրած հայտարարությունում: