ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, անդրադարձել է թուրք գեներալ Բախտիար Էրսայի՝ Ադրբեջանի ՊՆ նախարարի խորհրդական նշանակվելու լուրը։
«Կան խորհրդականներ, որոնք արտասահմանյան երկրների քաղաքացիներ են ոչ միայն Ադրբեջանում, այլև Ադրբեջանի հարևան այլ երկրներում։ Հայաստանում էլ կան նման մարդիկ։ Ուստի ես չեմ ընդունում Ձեր կշտամբանքը։
Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան իրավունք ունի՝ զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն իր գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ այդ համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրներին և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Այս թեզի վրա մենք պարբերաբար հրավիրում ենք տարածաշրջանի մեր գործընկերների ուշադրությունը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։