ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իրավապաշտպանների համաժողովում կիսվել է, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում հայտնվել է Եվրախորհրդարանը, ԵՄ-ի վրա մարդիկ ծիծաղում են, և ընդգծել է, որ այդ գործի հետաքննությունից է կախված Եվրամիության հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Բելգիայի իշխանությունները, որտեղ գտնվում է Եվրախորհրդարանը, անցած շաբաթ Բրյուսելում մի քանի ձերբակալություններ ու խուզարկություններ են անցկացրել կոռուպցիայի կասկածների հետաքննության շրջանակներում, որոնք կապվում են Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ: Մասնավորապես, ձերբակալվել են Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն գործիչ Եվա Կայլին եւ նրա գործընկերը, խուզարկություն է կատարվել Եվրախորհրդարանի աշխատակցի բնակության վայրում:
Այս շաբաթ հայտնի է դարձել, որ բելգիացի իրավապահները հետաքննության շրջանակներում առգրավել են ավելի քան 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար և արժեքավոր նվերներ։ Կայլին հեռացվել է հայրենի քաղաքական կուսակցությունից, ինչպես նաև զրկվել Եվրախորհրդարանում իր պաշտոնից։