Միջազգային

Կատարը 600 հզ եվրոյով կաշառել է Եվրախորհրդարանի փոխնախագահին

Կատարը 600 հզ եվրոյով կաշառել է Եվրախորհրդարանի փոխնախագահին

Նախօրեին Բելգիայի դատախազության պահանջով կալանավորվել էր Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն պատգամավոր Եվա Կայլին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբին հանցակցության, փողերի լվացման և կոռուպցիայի համար։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 6 մարդ՝ գրեթե բոլորը Կայլիի մերձավոր շրջապատի իտալացիներ։ Նրանք կասկածվում են Պարսից ծոցի պետություններից մեկից փող ու նվերներ ստանալու մեջ։ Այլևս գաղտնիք չէ, որ խոսքը աշխարհի առաջնությունն ընդունող երկրի՝ Կատարի մասին է։ Այս սկանդալն արդեն իսկ անվանվել է Բրյուսելում վերջին տասնամյակների ամենախոշորներից մեկը, որն ստվեր է գցում ողջ ԵՄ-ի վրա։

Ըստ եվրոպական Político հրատարակության՝ բելգիական ոստիկանությունը 16 հասցե է խուզարկել։ Խուզարկությունների ժամանակ օպերատիվ աշխատակիցները առգրավել են համակարգիչներ, բջջային հեռախոսներ, 600.000 եվրոյի չափով կանխիկ գումար։ Եվրախորհրդարանի 14 փոխնախագահներից մեկի՝ Եվա Կայլիի տանը հայտնաբերվել է «թղթադրամներով լի տոպրակ»։ Հույն պատգամավորը ներկայացնում է սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը, իսկ հայրենիքում նա PASOK-ի անդամ է (համահունական սոցիալիստական ​​շարժում): Երկու ձախական կուսակցություններն էլ շտապել են Կայլիին հեռացնել իրենց շարքերից:

Եվա Կայլիի ձերբակալությունից հետո դատախազները նրա ձերբակալման ամբողջական օրդեր են տվել։ Օրենքի համաձայն՝ քաղաքական գործիչները մինչև դատավարության մեկնարկը կարող են մեկ ամիս կալանքի տակ մնալ։

Լրատվամիջոցները գրում են, որ Եվրախորհրդարանի փոխնախագահն ու նրա համախոհները մեղադրվում են Կատարի «ազգային շահերի լոբբինգի» մեջ։ Իբր Դոհան Կայլիի միջոցով փորձել է ազդել Բրյուսելի վրա՝ գազի, վիզայի և իմիջի հարցերում օգնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական