Միջազգային

Հայաստանը նպաստելու է մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու միջազգային ջանքերին. Արարատ Միրզոյանի հոդվածը՝ The Telegraph-ին

Հայաստանը նպաստելու է մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու միջազգային ջանքերին. Արարատ Միրզոյանի հոդվածը՝ The Telegraph-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոդված է հրապարակել բրիտանական «The Telegraph» պարբերականում։ Թեման՝ «Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու չարաշահումը էթնիկ զտումների և ցեղասպանության իրականացման գործում»:

Radar Armenia-ն մասնակի կրճատումներով ներկայացնում է հոդվածը. 

«Երբ անցյալ տարի ռոհինջա մուսուլմանները դատի տվեցին Facebook-ին, սոցիալական ցանցերի ալգորիթմերով ուժեղացվող ատելության քարոզը և բորբոքային գրառումները հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նույնիսկ այն դեպքում, երբ կիբերհարձակումը և ապատեղեկատվությունը հասարակություններում շարունակում են մնալ կարևոր խնդիրներ, նոր տեխնոլոգիաներն ու հարթակները շահագործվում են ահաբեկչական և զինված խմբերի կողմից՝ քարոզչություն հեռարձակելու և աջակիցներ հավաքագրելու համար: 

Երևանյան գլոբալ ֆորումում քննարկվում է նոր տեխնոլոգիաների դերն ու ազդեցությունը անկայուն աշխարհում հնարավոր ցեղասպանությունների և էթնիկ զտումների վրա։ Ֆորումը կազմակերպում է Հայաստանը: Դա չորրորդն է 2015 թվականից ի վեր, կազմակերպվել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և անդրադառնում է ցեղասպանությունը կանխելու համար նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին և աճող մարտահրավերներին:

Չնայած անվտանգության ահռելի մարտահրավերներին և հարևան Ադրբեջանի տարածքային ներխուժմանը, որն այժմ զբաղեցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառակուսի կիլոմետր հատված, Հայաստանը պարտավորվել է համախմբել կառավարություններին, տեխնոլոգիական ընկերություններին, ակադեմիային և քաղաքացիական հասարակությանը՝ նվազեցնելու համար ռիսկերը և խոցելի խմբերին ու հասարակությանը տեխնոլոգիաների հասցրած վնասները։


Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ Հայաստանը կրում է հսկայական բարոյական պատասխանատվություն՝ նպաստելու մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու միջազգային ջանքերին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը հովանավորել է «Ցեղասպանության կանխարգելման» հինգ բանաձևեր, որոնք ընդունվել են կոնսենսուսով։

Այդ բանաձևերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթությանը և իրազեկման բարձրացմանը՝ որպես կանխարգելման հենասյուներ։ 2022 թվականի բանաձևը ընդգծում է նոր տեխնոլոգիաների (մասնավորապես սոցիալական, մեդիա հարթակների)՝ էթնիկ զտումներին զուգահեռ ապատեղեկատվություն տարածելու վտանգները։

Այնուամենայնիվ, նորագույն տեխնոլոգիաները միշտ «արդյունավետ» օգտագործվել են ցեղասպան հանցագործությունների ապամարդկայնացման և խթանման համար: Հայոց ցեղասպանության ժամանակ երիտթուրքերը հեռագրեր էին օգտագործում զանգվածային սպանությունների կոդավորված հրամաններն արագ փոխանցելու համար: Հոլոքոստի ժամանակ հաշվարկային մեքենաներն օգտագործվել են հրեաների գտնվելու վայրի արագ նույնականացման համար: Վերջերս Ռուանդայում ռադիոն ատելություն հրահրելու և զոհերին ապամարդկայնացնելու հիմնական ալիքն էր: 

Մեր օրերում Twitter-ը, Telegram-ը և այլ սոցիալական ցանցեր օգտագործվում են ատելություն տարածելու և նույնիսկ կատարված հանցագործությունների նողկալի պատկերներ տարածելու համար, ինչը եղավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ներխուժելուց հետո ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցի զինվորների դեպքում։

Այսօր նոր տեխնոլոգիաների և ինտերնետի արագ զարգացումը, որտեղ ատելության խոսքը գնալով ավելի արագ է տարածվում, կառավարությունները և հասարակությունները կանգնած են ամենամեծ մարտահրավերների առջև: Ատելության խոսքը կարող է ձնագնդի էֆեկտով վերածվել հանցագործության: Եվ երբ ատելության խոսքն ու այլ խմբերի դեմոնիզացիան վերածվեն պետական քաղաքականության, դրանք կհանգեցնեն մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության։

Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ նոր տեխնոլոգիաները միաժամանակ կարող են դառնալ ցեղասպանության դեմ պայքարում օգտագործվող ամենահզոր գործիքներից, քանի որ կրթությունը և իրազեկման բարձրացումը ցեղասպանության կանխարգելման արշավի կարևոր հիմնասյուներ են։

Սրանք այն թեմաներից են, որոնք քննարկվում են Երևանում անցկացվող 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է օգտագործել նոր տեխնոլոգիաները՝ ցեղասպանությունը կանխելու, այլ ոչ՝ աջակցելու համար:

Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարն է»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական