Երեկ առավոտյան Գերմանիայում, լայնածավալ գործողության շրջանակում, ձերբակալվել է, այսպես կոչված, «ռայխսբուրգերներից» կազմված աջ արմատական շարժման 25 անդամ, որոնք չեն ճանաչում ԳԴՀ-ի գոյությունը և իրենց համարում են «գերմանական Ռեյխի»՝ կայսրության քաղաքացիներ։
Նրանք կասկածվում են ահաբեկչական ցանցին մասնակցելու կամ աջակցելու մեջ։ Դաշնային դատախազության տվյալներով՝ «ռայխսբուրգերները» ծրագրել էին տապալել երկրի սահմանադրական կարգը։ Դաշնային դատախազության մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ ցանցի առանձին անդամներ ձեռնարկել են կոնկրետ գործողություններ՝ փոքր զինված խմբի կողմից Բունդեսթագի շենքը գրոհելու համար։ «Մանրամասները դեռ պետք է պարզվեն»,-հայտնել են Գերմանիայի ՆԳ նախարարությունից։
Ընդհանուր առմամբ 52 մարդ է կասկածվում ահաբեկչական ցանցին ներգրավվելու կամ աջակցելու մեջ։ 25 ձերբակալվածներից, ըստ դաշնային դատախազության, խմբի ենթադրյալ անդամներ են 22-ը, բոլորն էլ՝ Գերմանիայի քաղաքացի։
Ըստ Der Spiegel-ի՝ ձերբակալվածների թվում են աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության խորհրդարանական նախկին պատգամավոր, դատավոր Բիրգիթ Մալսակ-Վինքեմանը, գերմանական բանակի՝ Բունդեսվերի մի քանի նախկին զինվորականներ և բանակի շտաբի մի մայոր, ով հեռացվել էր ծառայությունից։ Կան նաև ոստիկան, իրավաբան, բժիշկ և օդաչու։
Ըստ դատախազության՝ ահաբեկչական ցանցի առաջնորդը 71-ամյա արքայազն Հենրի XIII Պ.Ռ.-ն է՝ Ռոյսի ազնվական տոհմից։ Ըստ Süddeutsche Zeitung-ի՝ խմբի մեկ այլ նշանավոր անդամ Ռուդիգեր ֆոն Պ.-ն է՝ Բունդեսվերի պաշտոնաթող փոխգնդապետ: