Միջազգային

Սպիտակ տանը կայացել է Մակրոնի և Բայդենի հանդիպումը

Սպիտակ տանը կայացել է Մակրոնի և Բայդենի հանդիպումը

Հինգշաբթի օրը Ջո Բայդենը Սպիտակ տանը պաշտոնական բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Ֆրանսիայի ղեկավարի առաջին պետական ​​այցն է Սպիտակ տուն՝ 2021 թվականի հունվարին Բայդենի պաշտոնն ստանձնելուց հետո։

Արարողության իր բացման խոսքում Բայդենը ներկայացրել է Ֆրանսիային որպես ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից և անսասան գործընկեր: 

«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի ագրեսիվ նկրտումներին և Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ, (պատերազմ), որը ևս մեկ անգամ ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում», - ասել է նախագահը: Նա նաև նշել է, որ «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պաշտպանում են ժողովրդավարական արժեքները և մարդու համընդհանուր իրավունքները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, ընդգծել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն ունեն պաշտպանելու օվկիանոսի երկու կողմերում գտնվող ժողովրդավարությունները, որոնք կասկածի տակ են: 

Հանդիպման ավարտին Բայդենը և Մակրոնը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ երկու առաջնորդները «խստորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմը և ընդգծում, որ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ 

Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային քաղաքական, անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնության տրամադրումը։ 




Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական