Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջ կուսակցությունների դաշինքը հաղթում է Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Քվեաթերթիկների 97%-ի մշակման արդյունքների համաձայն՝ Նեթանյահուի աջակողմյան կրոնական ճամբարը ամենաշատ տեղերն է ստանում Կնեսետում՝ 120-ից 65: Նախնական տվյալներով՝ մանդատների ամենամեծ թիվը՝ 32, բաժին է ընկնում նախկին վարչապետի «Լիկուդ» ազգային-ազատական կուսակցությանը։
Երկրորդ տեղում գործող վարչապետ Յաիր Լապիդի կուսակցությունն է՝ «Յեշ Աթիդը», որը խորհրդարանում կզբաղեցնի 24 մանդատ։ Բենյամին Նեթանյահուի համար Բեզալել Սմոտրիչի և Իտամար Բեն-Գվիրի «Կրոնական սիոնիզմ» ծայրահեղ աջ կուսակցությունը վճռորոշ նշանակություն կունենա։
Ակնկալվում է, որ այն կհավաքի 14 մանդատ և կդառնա երրորդ ամենամեծ կուսակցությունը Կնեսետում: Աջ ծայրահեղականների դաշինքը թույլ է տալիս Նեթանյահուին՝ կրկին ղեկավարել Իսրայելի կառավարությունը։