Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, նախնական տվյալներով, առաջին տեղն է զբաղեցնում Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին։ Ինչպես հաղորդում են տեղական հեռուստաալիքները, հղում կատարելով «էքզիթ-փոլերին», Նեթանյահուն կնեսետի 120 մանդատից ստանում է 30-31-ը։
Երկրորդ տեղում է ներկայիս վարչապետ Յաիր Լապիդի «Յեշ Աթիդ» կուսակցությունը, որն ստանում է 22-24 մանդատ։ Հաջորդը Բեզալել Սմորտիչի և Իտամար Բեն-Գվիրի ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունն է, որը խորհրդարանում կստանա մոտ 14-15 տեղ:
Ըստ «DPA» գործակալության՝ Նեթանյահուի աջակողմյան կրոնական ճամբարը մեծամասնություն է ստանում Իսրայելի ներկայացուցչական և օրենսդիր մարմնում։ Այս խմբի քաղաքական ուժերը կարող են հույս դնել խորհրդարանական 61-62 մանդատի վրա։