Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունը ոչ մի կերպ չի փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին առաջընթացի հասնելու՝ Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունները France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ալիևի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի Փարիզի պատմությունը։ Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը.
Այս մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ է, որ չորրորդ քառակողմ հանդիպումը Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կարողացավ կայանալ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում։ Այս հանդիպումը մեզ մոտեցրեց այս նպատակին, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հայտարարության մեջ։ Ավելին, Ֆրանսիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու գործընթացին».-ասված է հաղորդագրության մեջ։