Միջազգային

Անհրաժեշտ է շուտ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները․ Բայրամովը՝ Բորելին

Անհրաժեշտ է շուտ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները․ Բայրամովը՝ Բորելին

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։

Բորելը Բայրամովին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստական ​​աշխատանքների մասին։ Նա բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները՝ նշելով ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Բայրամովը, իր հերթին, տեղեկացրել է, որ Ժնևի հանդիպման ժամանակ Հայաստանին են ներկայացվել խաղաղության պայմանագրի կետերը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական