Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է օրենսդրական նախաձեռնությունը, որը օլիգարխներին արգելելու է մասնակցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Բյուրոյի նիստը երկուշաբթի ուղիղ եթերով հեռարձակվել է Վրաստանի օրենսդիր մարմնի կայքում։
Օրինագծի համաձայն՝ օլիգարխներ ճանաչվում են նրանք, որոնք մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, զգալի ազդեցություն են ունենում զանգվածային լրատվամիջոցների վրա կամ տիրապետում են դրանց, ինչպես նաև վերջին մեկ տարվա ընթացքում առաջատար դիրք են զբաղեցրել որեւէ տնտեսական ոլորտում: Նման մարդկանց համար առանձին ռեեստր կստեղծվի, որից հետո նրանց կարգելվի քաղաքական կուսակցությունների, հանրահավաքների ֆինանսավորումը, մասնակցելը սեփականաշնորհումներին։ Օրենքն ուժը կկորցնի 10 տարի հետո միայն: