Միջազգային

Եվրամիության գերագույն ներկայացուցիչը Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքն օկուպացնելու մեջ

Եվրամիության գերագույն ներկայացուցիչը Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքն օկուպացնելու մեջ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեղադրել է Ադրբեջանին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի գնդակոծման և օկուպացիայի մեջ: Այս մասին եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում:


Իր խոսքում նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիան ոչ թե մարտական գործողություններ են վիճելի շրջանում, այլ ներխուժում Հայաստանի տարածք:

«Ադրբեջանը գնդակոծել և օկուպացրել է հայկական տարածքի մի մասը։ Այն շրջաններում, որոնք գտնվում են Հայաստանում, նրանք օգտագործում են հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Այն, ինչ տեղի է ունենում, չափազանց տխուր է, մոտ 300 զինվոր է զոհվել, 207-ը՝ հայ։ Կան մի քանի գրավված շրջաններ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Դա անհարգալից վերաբերմունք է համաշխարհային ճանաչում ունեցող երկրի սահմանների նկատմամբ։ Ուժերն այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա»,- հայտարարել է Բորելը։

Նա նաև հայտնել է, որ ԵՄ-ն դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել հայ ռազմագերիների սպանության հետ կապված տեսապատկերների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ նա պաշտպանել է Ադրբեջանի հետ ԵՄ-ի ձեռք բերած էներգետիկ համաձայնագիրը՝ հայտարարելով, որ «համաձայնագիրը չի աշխատում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական հարցերի, որոնք ծագել են երկրում»:

Եվրահանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ իրենց կողմից առաջարկ է հնչել ԵՄ միջնորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Հայաստանը համաձայնել է այդ առաջարկին, Ադրբեջանը՝ ոչ։ Ավելին ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող ԵՄ զորքեր ուղարկել՝ առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել է Բորելը։ Բորելը նաև հավելել է, որ. «Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին»։

Բորելը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքներ սկսելու Թուրքիայի պատրաստակամությունը՝ հավելելով․ «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացվեն սահմանները, քանի որ դա կօգնի թուլացնել լարվածությունը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական