Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ՝ անդրադարձել է Էգեյան և Միջերկրական ծովերում լարվածության թեմային։
«ԱՄՆ-ի կողմից Հունաստանի կղզիներում զենք տեղակայելու խրախուսումը հակասում է Թուրքիայի հետ դաշինքի ոգուն։ Սադրանքների և լարվածության ընթացքը լավ բան չի բերի երկրներից և ոչ մեկին»,- նախազգուշացրել է Թուրքիայի ղեկավարը, ում խոսքերն է մեջբերում Anadolu-ն:
Նրա խոսքով՝ Անկարան հիանալի գիտի, թե կոնկրետ ով է Աթենքին մղում սադրանքների։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Էրդողանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից։