«Թուրքիան հավասարակշռված քաղաքականություն է վարում Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, այդպես կլինի նաև այսուհետ։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում մարտերի շուտափույթ դադարեցման օգտին։ Սակայն ներկայիս գործընթացները խոսում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը՝ Բելգրադում իր սերբ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Նրանց, ովքեր Ռուսաստանին լուրջ չեն ընդունում, կարող եմ ասել՝ դուք սխալվում եք։ Ռուսաստանը այդպիսիների թվում չէ»,-հավելել է Էրդողանը։
Էրդողանը նաև նշել է, որ համաձայն չէ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Արևմուտքի մոտեցումների հետ. «Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմի շուրջ դիրքորոշման սխալ լինելու մասին։ Որովհետև առկա են Արևմուտքի գործողությունները՝ հիմնված կողմերին սադրելու վրա։ Հայտարարում են ռազմական աջակցության մասին, սակայն փաստ է, որ Արևմուտքում որքան զենք ու մետաղի ջարդոն կա, ուղարկում են Ուկրաինա»։