Միջազգային

Առեղծվածային պայմաններում մահացել է ռուսական նավթագազային բիզնեսի արդեն 7 խոշոր դերակատար

Առեղծվածային պայմաններում մահացել է ռուսական նավթագազային բիզնեսի արդեն 7 խոշոր դերակատար

Տարեսկզբից արդեն մահացել են ռուսաստանցի 7 թոփ-մենեջերներ, որոնք կապված են Ռուսաստանի խոշորագույն գազանավթային ընկերությունների՝ «Գազպրոմի», «Նովատեկի» և «Լուկօյլի» հետ։ Դեպքերի մեծ մասում քննիչները ինքնասպանության նշաններ են տեսնում։

Հունվար. Ամսվա վերջին մահացավ «Գազպրոմ Ինվեստ» տրանսպորտային ծառայության ղեկավար, 60-ամյա Լեոնիդ Շուլմանը: Կառավարչի մարմինը գտել էին Լենինսկի ավանում գտնվող նրա տան լոգարանում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Շուլմանի կողքին մի գրություն է եղել, որում նա բողոքել է կոտրված ոտքի ցավից։

Փետրվար. Մոտ մեկ ամիս անց նույն Լենինսկում հայտնաբերվում է «Գազպրոմի» միասնական հաշվարկային կենտրոնի կորպորատիվ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Տյուլյակովի դին։ Մարմինը հայտնաբերվել էր տան կցակառույց ավտոտնակում։ Բոլոր հատկանիշներով՝ դա ինքնասպանություն որակվեց։ Նրա մոտ նույնպես գրություն է եղել, որի բովանդակությունը չի հրապարակվել:

Ապրիլ. Ապրիլի 18-ին Մոսկվայի իր բնակարանում մահացած են հայտնաբերում «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, ինչպես նաև՝ նրա կնոջը և դստերը: Ըստ նախնական վարկածի՝ Ավաևն իմացել է կնոջ դավաճանության մասին, որից հետո հաշվեհարդար է տեսել ընտանիքի հետ և ինքնասպան եղել։

Ապրիլ. Մի քանի օր անց իսպանական Լյորետ դե Մար քաղաքում գտնվող իր տանը հայտնաբերվում է «Նովատեկ» գազային ընկերության նախկին թոփ-մենեջերի՝ Սերգեյ Պրոտոսենիի մարմինը։ Իրենց մահճակալներում դանակահարված են գտնում նաև նրա կնոջն ու դստերը։ Telecinco-ի և El Punt Avui-ի տվյալներով՝ մոր և դստեր դիերը՝ դանակահարված վերքերով, հայտնաբերվել են անկողնում, իսկ Պրոտոսենյայի մարմինը՝ այգում։ Տղամարդու կողքին հայտնաբերվել էր կացին և դանակ։ Ըստ նախնական վարկածի՝ Պրոտոսենին ինքնասպան է եղել։ Դիակները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ տղամարդու որդին դիմել է ոստիկանություն։ Նա մնացել էր Ֆրանսիայում և ահազանգել, երբ մայրը դադարել էր պատասխանել զանգերին։

Մայիս. «Լուկօյլի» նախկին թոփ-մենեջեր Ալեքսանդր Սուբոտինի մարմինը մայիսի 8-ին հայտնաբերում են Միտիշչինում գտնվող բնակարաններից մեկում։ Ռուս իրավապահների հաղորդմամբ՝ Սուբոտինը մահացել է սրտային անբավարարության պատճառով։ Հատկանշական է, որ հաղորդվում էր, որ տանտերը վուդուի ծիսակատարություն անցկացնող շաման է եղել։

Հուլիս. «Գազպրոմի» հետ կապված գործչի մահվան հերթական դեպքը տեղի է ունենում հուլիս ամսին։ Պետերբուրգի մերձակա լողավազանում հայտնաբերվում է ընկերության գլխավոր կապալառու Յուրի Վորոնովի մարմինը՝ գլխի հրազենային վնասվածքով։ 61-ամյա Վորոնովի մարմինը հայտնաբերվել է Ֆիննական ծոցի մերձակայքում գտնվող Մարինե Տեռասիս կոտեջային գյուղի իր տարածքում։ Տղամարդու դիակն ընկած է եղել լողավազանում՝ գլխից կրակոցով, իսկ մոտակայքում իրավապահները հայտնաբերել են տրավմատիկ ատրճանակ։ Թե ում է այն պատկանել, պարզ չէ։

Յուրի Վորոնովը «Աստրա Շիփինգ» տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրենն էր, նաև աշխատել էր «Գազպրոմի» արկտիկական կապուղիներում: Գործարարի կնոջ խոսքով՝ Վորոնովը Լենինգրադի մարզ է մեկնել դեռ հուլիսի 1-ին, իսկ մեկնելուց առաջ գործարար գործընկերների հետ կոնֆլիկտ է ունեցել՝ փողի կորստի պատճառով։

Սեպտեմբեր. Այսօր արդեն հայտնի դարձավ, որ մահացել է «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը՝ ցած ընկնելով Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, Մագանովը, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական