Թուրքիան այսուհետ ևս կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և համերաշխություն կցուցաբերի այդ երկրի հետ։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Լվովից վերադառնալուց հետո ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, որտեղ նախօրեին կայացել է Թուրքիայի, Ուկրաինայի ղեկավարների ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եռակողմ հանդիպումը։
Էրդողանը հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի անհրաժեշտ ներդրում ունենալ ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման գործում:
Էրդողանը կրկին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի վերականգնման գործընթացին: