Նորվեգիան խոստացել է այսուհետ ևս մեծ քանակությամբ գազ մատակարարել Գերմանիային՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ նրա հզորություններն անսահման չեն։ «Մենք չենք կարող պարզապես քաղաքական որոշում կայացնել մատակարարումների ծավալների հետագա ավելացման մասին։ Նորվեգիան արդեն ավելացրել է գազի արտահանման ծավալները և ներկայումս մատակարարում է առավելագույնը այն, ինչ կարող է», - օգոստոսի 15-ի երեկոյան Օսլոյում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն։
Շոլցը շնորհակալություն է հայտնել Նորվեգիային՝ բնական գազի հնարավոր առավելագույն ծավալներ մատակարարելու համար։ «Դա շատ կարևոր է ռուսական գազից մեր կախվածությունը նվազեցնելու համար։ Նորվեգիան հատուկ գործընկեր է Գերմանիայի համար։ Մենք ցանկանում ենք ընդլայնել և խորացնել մեր էներգետիկ գործընկերությունը», - ասել է նա։