Իրանի ԱԳՆ-ն պարզաբանմամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ Հայաստանում Իրանի նախկին դեսպան, ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Սեյեդ Կազեմ Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի:
Պարզաբանում տարածվել է այն բանից հետո, երբ տարբեր, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում տարածվել են Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով «Թվիթեր»-ում գործող օգտահաշվին հղմամբ նյութեր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին հայկական լրատվամիջոցներում տարածում է ստացել «Թվիթեր»-ում Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով օգտահաշվից մի գրառում, որում նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է:
Նշենք, որ այս գրառումն ակտիվորեն տարածվել է հայկական լրատվամիջոցներում, նման բովանդակությամբ հոդված է հրապարակել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որն այս պահին հեռացվել է՝ հիմք ընդունելով իրանական IRNA գործակալության հրապարակումը, որում Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սեյեդ Կազեմ Սաջադին որևէ սոցիալական ցանցում, այդ թվում՝ «Թվիթեր»-ում օգտահաշիվ չունի: