Միջազգային

Ռուս-վրացական պատերազմ. ի՞նչ է եղել 14 տարի առաջ ու ի՞նչ գիտենք

Ռուս-վրացական պատերազմ. ի՞նչ է եղել 14 տարի առաջ ու ի՞նչ գիտենք

Գրեթե 14 տարի առաջ՝ 2008 թվականի օգոստոսի 8-ին, Ռուսաստանի զինված ուժերը պատերազմի մեջ մտան Վրաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի՝ Թբիլիսիի կողմից չճանաչված և չվերահսկվող հանրապետություններին «օգնելու ու պաշտպանելու» պատրվակով։ Փաստացի, ռազմական գործողությունները տևել են ընդամենը մի քանի օր։ Այդ ընթացքում ռուսական զորքերը խորանում են Վրաստանի տարածքում, մոտենում ընդհուպ մայրաքաղաք Թբիլիսիին և սպառնում գրավել այն։ Ռուսաստանում 2008թ. օգոստոսի իրադարձությունները առավել հաճախ անվանում են «զինված հակամարտություն Հարավային Օսիայում»։ Արևմուտքում այն ընդունված է անվանել ռուս-վրացական պատերազմ։

Ռազմական գործողություններին մասնակցել են մի կողմից՝ Վրաստանի զինված ուժերը, մյուս կողմից՝ ՌԴ և Հարավային Օսիայի ու Աբխազիայի զինված ուժերը։ ՍՍՀՄ տարիներին այդ հանրապետությունները Վրաստանի կազմում էին. Հարավային Օսեթիան՝ ինքնավար մարզի, Աբխազիան՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով։ ՍՍՀՄ փլուզումից հետո նրանք փորձեցին առանձնանալ վրացական նոր պետությունից։ Հարավօսական և աբխազական պատերազմները (1991-1992թթ. և 1992-1993թթ.) արդյունք չտվեցին, իսկ հետո սառեցվեցին։ Խաղաղապահ զորախմբեր տեղակայվեցին՝ բաղկացած Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ռուսաստանի և Վրաստանի զորքերից։

Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակամարտությունը նոր փուլ մտավ 2004թ.-ին՝ Միխայիլ Սաակաշվիլիի՝ նախագահ դառնալով: Միաժամանակ, 2004թ.-ից ի վեր ռուս-վրացական հարաբերությունների վատթարացում է տեղի ունենում, առաջին հերթին, Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու՝ Սաակաշվիլիի պլանների պատճառով։ Նախագահ դառնալուց հետո Սաակաշվիլին առաջարկում է կարգավորման ծրագիր՝ Հվ. Օսիան Վրաստանի կազմ ներառելու պայմանով, որը չճանաչված հանրապետության իշխանությունները մերժում են։ Արդեն 2004 թվականի օգոստոսին զինված բախումներ են լինում սահմանին, իսկ 2006 և 2007թթ. Աբխազիան և Հարավային Օսիան ենթարկեցնելու՝ Վրաստանի փորձերը հանգեցնում են նոր ճգնաժամերի։ 2008թ.-ին չճանաչված հանրապետությունների իշխանությունները դիմում են Ռուսաստանին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով՝ վկայակոչելով արևմտյան երկրների մեծամասնության կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը ։

Փաստեր և ժամանակագրություն

  • 2008թ. ապրիլին Ռուսաստանը լրացուցիչ զորքեր է ուղարկում Աբխազիա և դիվանագիտական ճգնաժամ հրահրում Վրաստանի հետ՝ հայտարարելով չճանաչված հանրապետությունների կառավարությունների հետ ուղղակի հարաբերությունների հաստատման մասին։
  • Ռազմական գործողությունները պաշտոնապես սկսվել են 2008 թվականի օգոստոսի լույս 8-ի գիշերը՝ վրացական զորքերի կողմից հարավօսական Ցխինվալի մայրաքաղաքի հրետակոծության և գրոհի առիթով: Սակայն Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանին զինված բախումներն ու գնդակոծությունները սկսվել էին հուլիսի վերջից. հարավօսական դիրքերից հրետանին գնդակոծում էր վրացական գյուղերը:
  • Ռուսաստանը հակամարտության մեջ մտավ օգոստոսի 8-ին՝ հայտարարելով «Խաղաղության պարտադրման գործողության» մեկնարկը։ Ընդ որում, որոշ վկայությունների համաձայն, ռուսական զորքերը Հարավային Օսիա են մտել օգոստոսի 7-ին, այսինքն, նրանք հատել են սահմանը՝ մինչև Ցխինվալի հրետակոծումը։
    Օգոստոսի 8-ին և 9-ին Ռուսաստանի զինված ուժերը Հարավային Օսիայի տարածքով շարժվում են ավիացիայի և հրետանու աջակցությամբ, որոնք հարվածներ են հասցնում նաև Վրաստանի տարածքին: Օգոստոսի 9-ին Սևաստոպոլից վրացական ափեր են շարժվում ՌԴ ռազմածովային ուժերի նավերը։
  • Օգոստոսի 11-ին սկսվում է ռուսական զորքերի գրոհը Վրաստանի խորք՝ միաժամանակ Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից։ Ռուսները վերցնում են վրացական մի քանի բնակավայր, այդ թվում՝ Աբխազիայից հարավ ընկած Փոթի նավահանգիստը, ինչպես նաև՝ Գորին, որը գտնվում է Թբիլիսիից 80 կմ հեռավորության վրա:
  • Օգոստոսի 12-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում է ռազմական գործողության ավարտի մասին՝ նշելով, որ հակառակորդի զինված ուժերը կազմալուծված են, խաղաղապահների և քաղաքացիական բնակչության անվտանգությունը՝ վերականգնված, իսկ ագրեսորը «պատժված է և զգալի կորուստներ է կրել»:
  • Պատերազմից անմիջապես հետո Մոսկվա է ժամանում Նիկոլյա Սարկոզին (այդ ժամանակ՝ Եվրոպական խորհրդի նախագահը): Սարկոզին Մոսկվային է ներկայացնում զինադադարի ծրագիր, որը նախատեսում էր հրադադար, ռուսական և վրացական զորքերի հետքաշում, ինչպես նաև՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծում: Մեդվեդևն այն ստորագրվել է միայն օգոստոսի 16-ին՝ այն բանից հետո, երբ փաստաթղթում իրենց ստորագրությունն են դրել չճանաչված հանրապետությունների և Վրաստանի ղեկավարները:
  • Ըստ մեկ այլ տարբերակի՝ հրադադարի պայմանները Ռուսաստանը ընդունել է ԱՄՆ ճնշման ներքո։ Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը Թբիլիսի է ուղարկում պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, իսկ Պենտագոնը սկսում Է Վրաստանին հումանիտար օգնություն ցուցաբերել, ինչի համար երկիր են ուղարկել ամերիկյան օդանավեր և ռազմանավեր:
     

Ներկայիս «ստատուս քվոն»

  • 2008թ. դեկտեմբերին ԵՄ-ին առընթեր ստեղծվել է հանգամանքների հետաքննության անկախ հանձնաժողով, որոնք պետք է ուսումնասիրեին հակամարտության պատճառները։ 2009թ. սեպտեմբերին հանձնաժողովը հրապարակեց ամփոփիչ զեկույց, որում ասվում էր, որ ռազմական գործողություններ սկսելու պատասխանատվությունն ընկած է Վրաստանի վրա, սակայն նշվում է, որ նախորդ ամիսներին Ռուսաստանը «բազմաթիվ սադրանքներ է իրականացրել»:
  • Ռուսաստանի համար դիվանագիտական հետևանքները ժամանակավոր էին՝ մինչև 2009 թվականի աշունը սառեցվեցին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Արևմուտքում ՌԴ ԶՈՒ գործողությունները համարեցին «անհամաչափ»:
  • Ռուսաստանը հասավ մի քանի նպատակի. առանց միջազգային ասպարեզում իր դիրքերի համար էական վնասի՝ կարճաժամկետ գործողության ընթացքում թույլ չտվեց Վրաստանի վերահսկողության հաստատումը չճանաչված հանրապետությունների նկատմամբ, ինչպես նաև՝ անորոշ ժամանակով կասեցվեց Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
  • 2008թ․ օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Աբխազիան և Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություններ։ 
     

Հետքրքրական փաստեր

  • Պատերազմի մեկնարկին՝ օգոստոսի 7-ին և 8-ին, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը գտնվել է Պեկինի Օլիմպիական խաղերում։
  • Ըստ ռուսական մամուլի և փորձագիտական շրջանակների՝ այդ ժամանակվա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատերազմն սկսելուց հետո է իմացել դրա մասին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական