Միջազգային

Ուկրաինայի նավահանգիստներից դուրս է եկել եգիպտացորենի երեք բեռնանավ

Ուկրաինայի նավահանգիստներից դուրս է եկել եգիպտացորենի երեք բեռնանավ

Ուրբաթ առավոտյան ուկրաինական եգիպտացորենով երեք նավ է մեկնել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներից։ «Նրանցում առկա է 57 հազար տոննա եգիպտացորեն»,- գրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

Navistar, Rojen և Polarnet բեռնանավերը ուղևորվում են Թուրքիա, Մեծ Բրիտանիա և Իռլանդիա: 

Թուրքիայի ՊՆ տվյալներով՝ Navistar-ը Օդեսայից դուրս է եկել Պանամայի դրոշի ներքո և տեղափոխում է 33 հազար տոննա եգիպտացորեն, որը նախատեսված է իռլանդական Ռինգասկիդդինում բեռնաթափելու համար:

Rojen-ը սևծովյան ափից դուրս է եկել Մեծ Բրիտանիայի ուղղությամբ, որում  կա 13 հազար տոննա եգիպտացորեն։  Polarnet բեռնանավը նույնպես դուրս է եկել սևծովյան ափից և ընթանում է թուրքական դրոշի ներքո՝ ուղևորվելով թուրքական Կարասու։ 

Բոլոր նավերը ստուգվելու են Ստամբուլի նավահանգստի համակարգող կենտրոնում գտնվող համատեղ տեսչական խմբի կողմից:

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ից և Թուրքիայից մեր գործընկերների անվտանգության երաշխիքները կշարունակեն գործել, իսկ սննդի արտահանումը մեր նավահանգիստներից կայուն և կանխատեսելի կդառնա շուկայի բոլոր մասնակիցների համար»,- գրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Կուբրակովը։

Նրա խոսքով՝ դրա համար նախատեսվում է ապահովել նավահանգիստների՝ ամսական ավելի քան 100 նավ սպասարկելու հնարավորությունը։ Պաշտոնյան նշել է, որ թեև «հացահատիկային միջանցքն» արդեն ելք է վաստակել, սակայն նպատակը երկու ուղղություններով նավահանգիստների լիարժեք շահագործումն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական