ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Կոնգրեսի վերին պալատը ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման օգտին։ 95 սենատոր կողմ է քվեարկել դաշինքի անդամ երկրների թվի ավելացմանը, և միայն մեկը՝ դեմ։
«Այս պատմական քվեարկությունը կարևոր ազդանշան է ՆԱՏՕ-ին Միացյալ Նահանգների շարունակական, անաչառ հավատարմության և այսօրվա ու վաղվա մարտահրավերներին մեր դաշինքի պատրաստակամության մասին»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից 23-ն արդեն համաձայնել են Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը։ Նրանց անդամակցության մասին փաստաթղթերը պետք է վավերացվեն դաշինքի բոլոր անդամների կողմից։ Միայն այդ դեպքում երկու սկանդինավյան երկրներն էլ պաշտպանված կլինեն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով, որով նկարագրվում է հավաքական պաշտպանության սկզբունքը։