Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ակնկալում է, որ ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակը Ռուսաստանի ներխուժումից հետո կհասնի թուրքական նավահանգիստ չորեքշաբթի վաղ առավոտյան: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Սիերա Լեոնեի դրոշով Razoni բեռնատար նավը ուկրաինական Օդեսա նավահանգստից Լիբիա է ուղեւորվել ավելի քան 26 հազար տոննա եգիպտացորենով բարձված:
Այն նախ կանգ կառնի Ստամբուլում, որտեղ հատուկ համատեղ համակարգման կենտրոնի անձնակազմը կստուգի նավը՝ համոզվելու համար, որ այն զենք կամ այլ ոչ պարենային ապրանքներ չի պարունակում ուկրաինական հացահատիկի արտահանման մասին հուլիսի վերջին ձեռք բերված համաձայնության համաձայն:
Կենտրոնում ընդգրկված են Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաները՝ համաձայնության միջնորդության մեջ ներգրավված բոլոր չորս կողմերը:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի հայտնել է, որ եգիպտացոենով բեռնված Razoni-ն մեծ հույս է արթնացնում ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար, ովքեր կախված են Ուկրաինայի նավահանգիստների անխափան աշխատանքից:
Նա հավելել է. «Այն, ինչին այսօր ականատես եղանք Օդեսայում, կարևոր մեկնարկային կետ է: Այն պետք է լինի առաջինը բազմաթիվ առևտրային նավերից, որոնք օգնություն և կայունություն կբերենսննդի համաշխարհային շուկաներին»: