«Հիմա քանի որ նոր աշխարհակարգի խնդիր է դրված, երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ենք՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը։ Եվ բնական է՝ ով ունի կոնֆլիկտ, ցանկանում է դա ակտիվացնել՝ հօգուտ իրեն լուծելու համար». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով Սերբիա-Կոսովո հակամարտությանը։ «Միայն Կոսովոն չէ։ Մենք տեսանք Սիրիա, Իրաք, տեսնում ենք նաև Թայվան։ Բարեբախտաբար, մեր բախտը բերեց, որ Արևմուտքի ագրեսիվ ճակատը Ռուսաստանի դեմ չբացվեց Հայաստանում»։ Ըստ Անտինյանի՝ այդ վտանգը մենք էլ ունենք, և պետք է մտածել՝ ինչպես խուսափել դրանից։
Քաղաքագետի խոսքով՝ քանի որ Ռուսաստանը ներքաշված է պատերազմի մեջ, դրանից ցանկանում են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան։ Ըստ նրա՝ սա շատ նուրբ իրավիճակ է Հայաստանի համար. «Պետք է տպավորություն չլինի, թե այստեղի կոնֆլիկտով լուծվում է մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու խնդիր։ Այլապես, դրա պատճառով կգնանք ոտքի տակ»։
Հարցին՝ որքա՞ն է Սերբիա-Կոսովո պատերազմի հավանականությունը, Անտինյանն ասաց՝ դա կախված է կողմերի միջև ավելի գլոբալ հակամարտության ֆոնից։ Խոսքը, ըստ նրա, Ռուսաստան-Արևմուտք խորացող հակամարտության մասին է, քանի որ կողմերը ցանկացած առիթ կարող են օգտագործել։
Հիշեցնենք՝ իրադրությունը Կոսովոյի և Սերբիայի միջև լարվեց այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն կսկսի տարածաշրջանի հյուսիսում և կարգելափակի այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։
Նշենք, որ Կոսովոն անկախացել է 2008 թվականին, իսկ այսօրվա դրությամբ 98 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը։
Հայկ Մագոյան