«ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման նոր համակարգը». այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ դրա համար Մոսկվան պետք է համատեղ աշխատանքի պատրաստակամություն ցուցաբերի:
Ըստ նախագահի՝ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օպերատիվ բանակցություններ վարել սպառազինության վերահսկողության նոր համակարգի շուրջ, որը կփոխարինի ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին։ Վերջինիս ժամկետը լրանում է 2026 թվականին։ Բայդենի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ պատրաստ է վերսկսել միջուկային սպառազինությունների վերահսկման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ աշխատանքը։
Բայդենը նշել է, որ միջուկային զենքի չտարածման պայմանագրի վիճակը միշտ մեծապես կախված է եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների «զգալի և փոխադարձ սահմանափակումներից»։ Ըստ նրա՝ նույնիսկ սառը պատերազմի գագաթնակետին Միացյալ Նահանգները և ՍՍՀՄ-ը կարողանում էին միասին աշխատել, որպեսզի ընդհանուր պատասխանատվություն հանդես բերեն և ապահովեն ռազմավարական կայունությունը։