Միջազգային

ԱՄՆ-ում նախկին հանրապետականներից ու դեմոկրատներից կձևավորվի 3-րդ խոշոր կուսակցությունը

ԱՄՆ-ում նախկին հանրապետականներից ու դեմոկրատներից կձևավորվի 3-րդ խոշոր կուսակցությունը

ԱՄՆ-ի պատմական երկկուսակցական համակարգը կարող է փոխվել երրորդ խոշոր քաղաքական կուսակցության ստեղծմամբ: Մի քանի տասնյակ հայտնի հանրապետականներ և դեմոկրատներ հինգշաբթի օրը՝ հուլիսի 28-ին, կհայտարարեն նոր կուսակցության հիմնադրման մասին, որը կոչվում է «Առաջ» (Forward)։ Այս մասին Reuters-ին հայտնել են նրա հիմնադիրները:

Նրանց խոսքով՝ նոր քաղաքական ուժը դեռ կոնկրետ օրակարգ չունի, սակայն ծրագրում է հաստատվել որպես կենտրոնամետ կուսակցություն։ «Ինչպես ենք պատրաստվում լուծել Ամերիկայի առջև ծառացած խոշոր խնդիրները։ Ոչ ձախ, ոչ աջ։ Առաջ». - հայտնել են նոր ստեղծվող կուսակցության քաղաքական գործիչները։ Կուսակցական ծրագրի հիմնական կետերն են «արդար, բարգավաճ տնտեսության վերածնունդը», ինչպես նաև «ամերիկացիների համար ընտրության ավելի շատ հնարավորություններ, գործող կառավարության նկատմամբ ավելի մեծ վստահություն և ավելի շատ հնարավորություններ՝ մեր ապագայի մասին իրենց կարծիքը հայտնելու համար».-նշում Է Reuters-ը:

Կուսակցությունը հիմնված է երեք կազմակերպությունների միավորման վրա։ Դրանցից առաջինը «Renew America Movement»-ն է, որը ստեղծվել է 2021թ. Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշի (ավագ), Ջորջ Բուշի (կրտսեր), Դոնալդ Թրամփի վարչակազմերի նախկին հանրապետական անդամների  կողմից։  Երկրորդ մասնակիցը ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատական թեկնածու Էնդրյու Յանգի «Forward Party» կուսակցությունն է: Բացի այդ, նոր քաղաքական ուժի ստեղծմանը մասնակցում է նախկին հանրապետական ​​կոնգրեսական Դեյվիդ Ջոլիի շուրջ գտնվող նախկին հանրապետականների, դեմոկրատների և անկախ քաղաքական գործիչների խումբը՝ «Ծառայել Ամերիկային» շարժումը։

Նոր կուսակցության հիմնադիրները մինչև 2023թ. վերջը մտադիր են հասնել 30 նահանգներում գրանցման և ընտրությունների հասանելիության, իսկ բոլոր 50 նահանգներում՝ մինչև 2024թ. վերջը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական