Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման պայմաններում Եվրոպան պետք է պատրաստվի դրանց ամբողջական դադարեցմանը։ Ըստ նրա, այն վաղ թե ուշ տեղի կունենա։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով. «Ներկայումս Ռուսաստանը մասնակիորեն գազ է մատակարարում կամ ընդհանրապես կապույտ վառելիք չի մատակարարում ԵՄ անդամ 12 երկրների։ Հետևաբար, Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, վաղ թե ուշ»։
Միաժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել այն երկրներին, որոնք քիչ կախվածություն ունեն ռուսական գազի մատակարարումներից, նույնպես մասնակցել էներգախնայողության ջանքերին։
Եվրամիության տնտեսությունները, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, սերտորեն փոխկապակցված են, գազի ճգնաժամն այս կամ այն ձևով կազդի բոլոր անդամ երկրների վրա: