Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության մեջ մեղադրվող Տեցույա Յամագամին տեղափոխվել է Օսակայի կալանավայր։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ այնտեղ նա հոգեկան հիվանդության բուժզննում կանցնի։
Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, հաղորդվել էր, որ Նարայի շրջանային դատարանի որոշմամբ Տեցույա Յամագամին կալանավորվել է, ու գործը կտևի մինչև նոյեմբերի վերջ։
Ինչպես հայտնում է Kyodo-ն, դատարանը կպարզի՝ արդյոք Յամագամին ենթակա է քրեական պատասխանատվության։ Դրա համար մեղադրյալը պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի։
Հիշեցնենք, որ Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ խորհրդարանի վերին պալատի ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 67-ամյա պետական գործիչը հոսպիտալացվել էր ու ժամեր անց մահացել Նարայի համալսարանական հիվանդանոցում։