Գերմանիան պետք է հրաժարվի Ուկրաինային, այսպես կոչված, ծանր սպառազինությունների շրջանաձև մատակարարումներից և սկսի նման սպառազինություններ մատակարարել ուղղակիորեն, կարծում է Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավար Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը: «Մենք պետք է քաջություն գտնենք ընդունելու, որ դա (շրջանաձեւ մատակարարումները) չի աշխատում այնպես, ինչպես մենք պատկերացնում էինք, և համապատասխանաբար նրանց փոխարեն պետք է անցնենք ուղղակի մատակարարումների», - հայտարարել է Շտրակ-Ցիմերմանը «Rheinische Post»-ում հուլիսի 22-ին հրապարակված հարցազրույցում:
Մինչ այդ Բունդեսթագի պաշտպանության կոմիտեն կոչ էր արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին որքան հնարավոր է շուտ հրավիրել «Ուկրաինայի հարցով Ազգային կոնֆերանս»՝ Ուկրաինային օգնելու նպատակով հետագա գործողությունները համաձայնեցնելու համար: Դրան պետք է մասնակցեն կառավարության, զինված ուժերի, արդյունաբերության և արհմիությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Բունդեսթագը ընդունել էր բանաձև, որով արևելյան Եվրոպայի երկրներին կոչ էր անում Ուկրաինային մատարարել խորհրդային շրջանի զինամթերք, որին ուկրաինացի զինվորականները քաջածանոթ էին։ Սրա դիմաց Գերմանիան խոստացել էր փոխհատուցել արևելաեվրոպական երկրների պաշարները։