Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միջազգային միջնորդների օգնությամբ գրեթե համաձայնության են եկել հացահատիկի արտահանման հարցում ուկրաինական նավահանգիստներն ապաշրջափակելու վերաբերյալ։ Կուլեբան նշել է, որ բանակցություններին մասնակցում են ոչ միայն ռուս և ուկրաինացի պաշտոնյաներ, այլև միջազգային միջնորդական առաքելություններ ու միջազգային կազմակերպություններ։
Թեհրանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հացահատիկի շուրջ բանակցությունների շրջանակում ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց դրական տեղաշարժ կա։ Էրդողանն այդ բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումն անվանել է «շատ դրական և կառուցողական»։