Թեհրանում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը։
«Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոշոր նախագծեր են զարգանում: Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն է», - ասել է ՌԴ նախագահը։
Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով: Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ գագաթնաժողովի շրջանակներում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեն, քանի որ շատ հարցեր են կուտակվել:
Էրդողանն, իր հերթին, նշել է, որ Ստամբուլում հացահատիկի վերաբերյալ վերջին բանակցությունների ընթացքում ռուսական կողմի դիրքորոշումը շատ դրական և կառուցողական էր։