Երևանի վարձակալներն սկսում են զգալ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն իրենց կյանքի վրա։ Երևանում բարձրացել են տան վարձերը, քանի որ տեղացիներն այժմ մրցակցում են Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների հետ, որոնք պատերազմի ու պատժամիջոցների պատճառով որոշել են տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում։
Պատերազմի սկսվելուց ի վեր հարյուր հազարավոր ռուսներ լքեցին իրենց երկիրը, և Հայաստանը նրանց գլխավոր ուղղություններից մեկն էր: Շատ ռուսներ տեղափոխվել են Հայաստան, քանի որ ռուսերենը ազատ օգտագործվում է այդ երկրում։ Նրանք կարող են Հայաստան մեկնել՝ առանց վիզայի և արտասահմանյան անձնագրի:
Ուկրաինական պատերազմից ի վեր Երևանի կենտրոնում գները կրկնապատկվել են՝ 600 եվրոյից հասնելով ընդհուպ 1200 եվրոյի։ Վաճառվող տների գները ևս ավելացել են՝ 10-20%-ով։