Ռուսաստանը կրճատել է գազի մատակարարումները Եվրոպա մինչև՝ պատմական նվազագույնի։ Երկուշաբթի գիշերը «Գազպրոմը» փակել է հիմնական «Հյուսիսային հոսք» գազատարը դեպի Գերմանիա՝ Բալթիկ ծովի հատակով: Առայժմ՝ 10-օրյա պրոֆելակտիկ միջոցառումների համար, բայց եվրոպական կողմը վախենում է, որ այն կարող է երկար տևել։
Գերմանիան արդեն սահմանափակում է տաք ջրի կիրառումը և մարում լույսերը, իսկ Եվրոպան, որպես ամբողջություն, պատրաստվում է արտակարգ միջոցառումներ հայտարարել՝ առայժմ համատեղ, այլ ոչ թե՝ առանձին երկրների մակարդակով։ Ծրագիրը կհրապարակվի այս շաբաթ:
«Իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է ավելի սրվել: Հնարավոր է, որ Ռուսաստանը շարունակի նվազեցնել գազի մատակարարումները»,- հայտնել է եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։
Երեք տարի առաջ «Գազպրոմը» Եվրոպային մատակարարում էր օրական մինչև 500 մլն խ/մ։ Այս տարվա մայիսին՝ օրական ընդամենը 250 մլն, հուլիսի սկզբին` 140 մլն, իսկ պակաս հզոր «Թուրքական հոսքի» պահպանման ժամանակ արտահանումը կրճատվել է մինչև օրական մոտ 100 մլն խ/մ-ի։ Առաջիկա 10 օրվա ընթացքում Եվրոպային խոստանում են ընդամենը 75 միլիոն խ/մ գազ։
«Մենք պետք է պատրաստվենք գազի մատակարարման հետագա ընդհատումներին և նույնիսկ Ռուսաստանի կողմից ամբողջական դադարեցմանը»,- անցյալ շաբաթ Եվրախորհրդարանին նախազգուշացրել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: