Իրանը լրջորեն է տրամադրված իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ համաձայնության հասնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում։
«Դիվանագիտության ճանապարհը բաց է: Մենք լրջորեն և ազնվորեն հաստատակամ ենք վերջնակետին հասնելու և ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ կայուն համաձայնության հասնելու հարցում»,- Իրանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել ISNA լրատվական գործակալությունը: Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և հակառակ կողմից ակնկալում է նմանատիպ վարքագիծ։
Աբդոլլահյանը նաև նշել է, որ Թեհրանը դրական է գնահատում Դոհայում կայացած բանակցությունների վերջին փուլը։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը Կատարի մայրաքաղաք է ժամանել՝ «առանց նախաձեռնության և առաջընթացի հասնելու պատշաճ ցանկության»։