«Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ներկայումս աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա». այս մասին Բրյուսելում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը։
«Այժմ մենք միասին աշխատում ենք Շվեդիայի, Ֆինլանդիայի և մեր դաշնակից Թուրքիայի միջև համաձայնագրի շուրջ՝ որպես անվտանգության խնդիրների լուծման շարունակական ջանքերի մաս, այդ թվում՝ զենքի արտահանման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի մտահոգությունները՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ, արդարացված են և պետք է հաշվի առնվեն։