Խաղաղության Նոբելյան մրցանակի շքանշանի վաճառքից ստացված հասույթը, որը «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը ստացել է 2021 թվականին, ուղղվելու է ուկրաինացի փախստական երեխաներին օգնելուն։
2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Новая газета»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի մեդալը աճուրդում վաճառվել է 103,5 միլիոն դոլարով (98,4 միլիոն եվրո): Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ին, հաղորդել է աճուրդը վարած ամերիկյան Heritage Auctions առևտրային տան կայքը։ Գնորդի անունը անհայտ է։
Մրցանակի վաճառքից ստացված ողջ հասույթը, ըստ առևտրի տան, կուղարկվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF)՝ օգնելու ուկրաինացի փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին: Աճուրդն անցկացվել է Նյու Յորքում և համընկել Փախստականների համաշխարհային օրվա հետ, որը նշվում է հունիսի 20-ին։ Ըստ լրատվամիջոցի՝ սա Նոբելյան մեդալի ամենաբարձր գինն էր մրցանակաբաշխության պատմության մեջ։