Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ։ «Նախագահ Զելենսկու հետ վերահաստատեցինք, որ մենք՝ եվրոպացիներս, կիսում ենք մեկ մայրցամաք, աշխարհագրությունը համառ է, և Ռուսաստանը կմնա այնտեղ, որտեղ եղել է երեկ և կլինի վաղը: Ռուսաստանը ահռելի ուժ է, և մենք չենք ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարի ընդգծմամբ՝ որպեսզի Ուկրաինան հաղթի, և պատերազմը դադարի, անհրաժեշտ են բանակցություններ. «Ուկրաինայի նախագահը պետք է բանակցի Ռուսաստանի հետ, և մենք՝ եվրոպացիներս, նույնպես կլինենք այդ սեղանի շուրջ՝ ապահովելով անվտանգության երաշխիքներ և մեզնից կախված այլ տարրեր։ Սա է իրականությունը։ Ոչ մի պահ, ոչ մի ավելորդ խոսք չպետք է մթագնի մեր ապագան»։