Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և դրա հնարավոր հեռանկարներին. «Ռուսաստանն արդեն քաղաքական առումով պարտվել է այս պատերազմում։ Ուկրաինայի հետ պատերազմը Ռուսաստանին մեծ վնաս հասցրեց՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով։ Էլ չեմ խոսում մարդկային ու զինտեխնիկայի կորուստների մասին։ Մյուս կողմից՝ մենք չենք կարող խոսել ոչ Ռուսաստանի, ոչ էլ՝ Ուկրաինայի ռազմական հաղթանակների մասին։ Ուկրաինան հաղթել է քաղաքական առումով, բայց ռազմական առումով պարտվում է տեղում՝ օբյեկտիվ պատճառներով։ Այստեղ պոտենցիալներն անհամեմատելի են։ Կորուստների առումով ռազմական գործողությունների՝ նման սարսափելի ինտենսիվությունը կհանգեցնի նրան, որ ինչ-որ փուլում հակառակորդ ուժերը կսպառեն իրենց հնարավորությունները. Ռուսաստանը՝ հետագա հարձակման համար, իսկ Ուկրաինան՝ հակահարձակման։ Հետևաբար, ստեղծվում է այն իրավիճակը, որ մենք ունեինք 1994թ.։ Խոսքը ինչ-որ ժամանակավոր զինադադարի մասին է, որը կարող է ամրագրվել դե յուրե կամ դե ֆակտո»։